«Ժառանգությունը», թերևս, այն քիչ կուսակցություններից է, որը պարբերաբար հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում: Պատճառն այդ կուսակցության՝ ստանդարտներից, երբեմն նաև՝ քաղաքական տրամաբանությունից դուրս պահվածքն է, դիրքորոշումը, փոփոխականությունը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատից հրաժարվել, փոշմանելուց հետո հիմա էլ հայտնի դարձավ, որ խմբակցության՝ ԱՄՆ-ում գտնվող ղեկավար Զարուհի Փոստանջյանին պետք է փոխարինի Ռուբիկ Հակոբյանը, իսկ նույն Թևան Պողոսյանը լինելու է խմբակցության քարտուղարը:
Ռուբիկ Հակոբյանի անցյալին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ նա ժամանակին եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, այնուհետև՝ կարկառուն դաշնակցական, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսը: Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» կուսակցության ակունքներում գտնվող, մաքուր «ժառանգականը» միայն Զարուհի Փոստանջյանն է, իսկ մյուս «ժառանգականները», որոնք տարիներ շարունակ պատգամավորական ակտիվ գործունեությամբ էին զբաղվում, լինում մշտապես տուժած և իրավազուրկ քաղաքացիների կողքին, Րաֆֆի Հովհաննիսյանի թեթև ձեռքով դուրս մնացին ԱԺ-ից: Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանն ընդդեմ ապօրինությունների իրենց պայքարը շարունակում են Երևանի ավագանիում, Արմեն Մարտիրոսյանը կուսակցության փոխնախագահն է, իսկ Լարիսա Ալավերդյանն այժմ զբաղվում է դասախոսական գործունեությամբ: Իսկ «Ժառանգության» հետ նույն դաշինքով խորհրդարան մուտք գործած «Ազատ դեմոկրատները» քանիցս է ցույց տվել, որ իրենց «ջրերը նույն առվով» չեն կարող հոսել: Թեկուզ հենց՝ մեկ մանդատի շուրջ ցուցաբերվող անզիջում դիրքորոշմամբ:
Եվ հիմա, երբ Ռուբիկ Հակոբյանը դարձել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, երբևէ փորձե՞լ է պարզել, թե ո՞ր «Ժառանգությունն» է ինքը ներկայացնելու:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ